Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դատարանն անվավեր է ճանաչել Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանի նկատողությունը Ալիսա Գևորգյանին
Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Նելլի Հարությունյանը բավարարել է Ալիսա Գևորգյանի հայցն ընդդեմ Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանի՝ անվավեր ճանաչելով վերջինիս որոշումը՝ «Ռադիոլուր» ծրագրի ավագ լրագրող Ալիսա Գևորգյանին նկատողություն տալու մասին։
Հայցվոր Ալիսա Գևորգյանը դիմել էր դատարան՝ խնդրելով դատարանին, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածներով, անվավեր ճանաչել Հայասատանի Հանրային Ռադիոընկերություն ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանի 09․06․2025 թվականի Ա 158 Հրամանը։
Ալիսա Գևորգյանի փաստաբան Կարինե Ղաշանգյանը գրում է. «Հանրային Ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանի որոշումը՝ Ռադիոլուր ծրագրի ավագ լրագրող Ալիսա Գևորգյանին նկատողություն տալու մասին, դատարանի թիվ ԵԴ2/7169/02/25 վճռով (նախագահող դատավոր՝ Ն. Հարությունյան) ճանաչվեց անվավեր։ Դատարանի գնահատմամբ որոշման համար իրավական հիմք հանդիսացած որոշումը (Հանրային հեռարձակողի խորհրդի 2019թ. 52-Լ որոշումը)և հավելվածը կորցրել են իրենց իրաբանական ուժը դեռևս 2020 թվականից՝ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը ուժը կորցրած ճանաչվելու հետևանքով։
29 տարվա աշխատանքային փորձ ունեցող արդեն նախկին աշխատակցին (նախկին, քանի որ Ռադիոընկերության տնօրենի ապօրինի որոշումները և վերջինիս կողմից աշխատանքային լարված մթնոլորտի ստեղծումը հանգեցրեցին առաջին իսկ աշխատանքային հրավերի ընդունմանը և իր դիմումի հիման վրա սիրելի աշխատանքից և ընտանիք դարձած կոլեկտիվից հեռանալուն) նկատողություն էին տվել միայն նրա համար, որ «համարձակվել էր» կիսվել իր գործընկերներից մեկի ֆեյսբուքյան գրառումամբ։
Հ․ Գ Հարցի բարոյական կողմի մասին խոսելն ավելորդ է։ Տնօրենի գործելաոճի և գործողությունների գնահատականը թողնում եմ ձեզ։ Ալիսային կարծում եմ շատերն են ճանաչում»։
Ալիսա Գևորգյանին Արմեն Քոլոյանը նկատողություն էր հայտարարել «Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանի՝ մայիսի 30-ին արված ֆեյսբուքյան գրառումով կիսվելու համար։ Գրառումը հետևյալ բովանդակությունն է ունեցել․ «Երբեք մտքովս չէր անցնի, որ կապրեմ մի երկրում, որտեղ առաջին դեմքն ընդդիմախոսներին պատասխանում է անձնական բանսարկություններով եւ փողոցային բառապաշարով»։
Ալիսա Գևորգյանը միակ որդին՝ Դավիթը, զոհվել է 44-օրյա պատերազմում։